«Խաղաղության» մասին հայտարարող Ադրբեջանը դառն...

Ադրբեջանն արագորեն հզորացնում է իր ռազմաօդային ուժերը՝ հաստատելով 4,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում 40 ժամանակակից JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը։ Ինչպես գրում է Forbes-ը, սա երկրի պատմության մեջ մարտական ինքնաթիռների ամենախոշոր գնումն է։

Պարբերականի նշմամբ՝ 4,5 սերնդի այս ինքնաթիռները, որոնք կփոխարինեն հնացած ՄԻԳ-29-երին, Բաքվին կդարձնեն Հարավային Կովկասում ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկիրը։ Բացի այդ, Ադրբեջանը ցուցադրել է չինական արտադրության նոր HQ-9BE ռազմավարական զենիթահրթիռային համալիրները՝ դրանցով լրացնելով արդեն իսկ ունեցած արսենալը, որը ներառում է ռուսական Ս-300 և իսրայելական Barak համակարգերը։

Forbes-ն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ բազմամիլիարդանոց այս ներդրումները հաջորդել են մարտի 5-ին Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Իրանի մասնակցությամբ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանն այլևս հարվածների չի ենթարկվել։

Հուլիսի կեսերին Ադրբեջանի ՌՕՈւ-ի նոր JF-17C կործանիչները խորհրդային Սու-25ՄԼ գրոհիչների (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման՝ Frogfoot) և չեխական L-39 Albatros ուսումնամարտական ռեակտիվ ինքնաթիռների հետ համատեղ մարտական վարժանքներ են անցկացրել տարբեր բարձրությունների վրա։

Բաքուն առաջին JF-17-ը ստացել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի մայիսի վերջին պատվերի ծավալը 16-ից հասցվել է 40 ինքնաթիռի, իսկ գործարքի ընդհանուր արժեքը 1,6 միլիարդից հասել է 4,2 միլիարդ դոլարի՝ դառնալով Պակիuտանի պատմության մեջ պաշտպանական ոլորտի ամենախոշոր արտահանման պայմանագիրը։ Հատկանշական է, որ JF-17 կործանիչը Պակիuտանի և Չինաստանի համատեղ մշակումն է։

Forbes-ի գնահատմամբ՝ սա ակնհայտ արդիականացում է ադրբեջանական հնացող ՄԻԳ-29 Fulcrum նավատորմի համեմատ և, թերևս, Ադրբեջանին կդարձնի Հարավային Կովկասում թե՛ որակական, թե՛ քանակական առումով ամենահզոր ռազմաօդային ուժերն ունեցող երկիրը։

JF-17-ների գնման հաստատումը հաջորդեցլ է Չինաստանից ձեռք բերված HQ-9BE հակաօդային պաշտպանության ռազմավարական համալիրների առաջին հանրային ցուցադրությանը, որոնք հանրությանը ներկայացվել է 2025 թվականի նոյեմբերին։

Պարբերականի կարծիքով՝ JF-17C-ների և HQ-9BE-ների ձեռքբերումը վերջին տասնամյակների ընթացքում ադրբեջանական ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության համակարգի ամենամասշտաբային արդիականացումն է։

Forbes-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը ՄԻԳ-29 կործանիչները ԽՍՀՄ-ից ժառանգություն չի ստացել։ Բաքուն դրանք ձեռք է բերել երկրորդային շուկայում Ուկրաինայից, որն էլ 2000-ականներին մինչ մատակարարումն արդիականացրել էր ինքնաթիռները։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազայի համաձայն՝ Ադրբեջանը գնել է 16 ՄԻԳ-29, այդ թվում՝ մի քանի երկտեղանոց ուսումնամարտական ՄԻԳ-29ՈՒԲ։ Մատակարարումներն ավարտվել են 2011 թվականին, ընդ որում՝ Ուկրաինան փոխանցել է նաև «օդ-օդ» դասի առնվազն 43 R-73R/T հրթիռ։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2021 թվականին, Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, Ադրբեջանը դիտարկում էր անգամ Իսրայելից Arrow 3 ժամանակակից հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը․ դրանք նախատեսված են մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռներ որսալու համար։