
Դիմելով մարզիկներին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ անելու է առավելագույնը, որպեսզի նրանք բարձր արդյունքներ գրանցեն․ «Ձեզանից ակնկալում եմ միայն լավ մարզվել և Հայաստանը պատվով ներկայացնել։ Հասկանալի է, որ համավարակն ու պատերազմը շատ փոփոխություններ են բերել մեր կյանք, բայց ես խոստանում եմ անել առավելագույնը, որպեսզի դուք դժվարություններ չզգաք: Ջանք մի՛ խնայեք վարկանիշային մրցաշարերին լավագույնս պատրաստվելու համար, լսե՛ք մարզիչներին, եղե՛ք պրոֆեսիոնալ և ձեր մեդալներով հպարտանալու հնարավորություն տվե՛ք»:
Նախարարի տեղակալը մարզիկներին տեղեկացրել է, որ շուտով կկարգավորվեն բուժծառայության խնդիրները․ «Առողջապահության նախարարության հետ ունեցել ենք միջգերատեսչական քննարկումներ, որոնց արդյունքում շատ շուտով կլուծվեն ձեր՝ որակյալ բժշկական ծառայություններ ստանալուն առնչվող բոլոր խնդիրները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առանձնացված մասնաշենքում մարզիկները պատշաճ մակարդակով կստանան բոլոր բուժումները։ Բացի դրանից՝ շուտով կունենաք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ, անգամ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են բարձր արդյունք ցույց տալու համար, սակայն Հայաստանում առայժմ գրանցված չեն: Այս հարցերը նույնպես քննարկել և լուծել ենք Առողջապահության նախարարության հետ»։