Կաթողիոկոսի հարցում թուրքերը Փաշինյանի հենարա...

Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումը նոր քննարկումների առիթ է տվել։ Հաղորդման հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) ներկայացրել են զրույց, որի ընթացքում, Փաշինյանի անունից հանդես գալով, խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

Հաղորդման հեղինակների ներկայացմամբ՝ Սինիրլիօղլուն, վստահ լինելով, որ զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված քայլերին աջակցելու խնդրանքի, ասել է. «Ես կանեմ ամեն հնարավորը»։

Եթե հրապարակված զրույցը համապատասխանում է իրականությանը, ապա այն քաղաքական առումով չափազանց խորհրդանշական պատկեր է ստեղծում։ Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ Հայաստանի ներսում ծավալված հակամարտությունում Փաշինյանի նախաձեռնություններին պատրաստակամություն է հայտնում աջակցելու թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը ղեկավարում է միջազգային հեղինակավոր կազմակերպություն։

Այս հանգամանքը չի կարող աննկատ մնալ հատկապես այն պայմաններում, երբ վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին հաճախ ներկայացվել է որպես ազգային ինքնության և պետականության կարևոր հենասյուներից մեկը։ Եթե իսկապես միջազգային պաշտոնյան նման պատրաստակամություն է հայտնել, ապա անխուսափելիորեն առաջանում է հարց՝ ինչո՞ւ պետք է թուրք պաշտոնյան շահագրգռված լինի ներգրավվել Հայաստանի ներքին ամենազգայուն թեմաներից մեկում։

Քաղաքական գնահատականներից անկախ, հրապարակված տեսանյութը մեկ կարևոր տպավորություն է թողնում. առնվազն արտաքին դիտորդի աչքով կարող է ստեղծվել այն պատկերացումը, որ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ տարվող քաղաքական պայքարը մնում է ոչ միայն ներքին քաղաքական օրակարգ, այլև ընկալվում է որպես գործընթաց, որի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն նաև թուրքական քաղաքական շրջանակների ներկայացուցիչները։

Մի բան, սակայն, ակնհայտ է. երբ Հայաստանի իշխանության և Հայ առաքելական եկեղեցու հակամարտության ֆոնին հրապարակվում է նման բովանդակությամբ զրույց, հանրային ընկալման մեջ ձևավորվում է տպավորություն, որ Փաշինյանի նախաձեռնությունների շուրջ համակրանք են արտահայտում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իսկ այդ հանգամանքն ինքնին նոր քաղաքական և հասարակական քննարկումների պատճառ է դառնում։