Կարո՞ղ ա ես եմ որոշում՝ ում բռնեն, ում բաց թո...

Որևէ միջազգային կառույց չի արձանագրել, որ այս պահի դրությամբ և առհասարակ 2018–ից հետո Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Բայց մինչև այդ բոլոր միջազգային կառույցները խոսել են 2008 թվականի մարտի մեկից հետո առկա քաղբանտարկյալների մասին, և արձանագրվել են միջազգային կառույցների զեկույցներում այդ մասին։ Ամենազավեշտալին այն է, որ այս ուժերի ներկայացուցիչները, որոնց օրոք տեղի է հոկտեմբերի 27, մարտի 1, Պողոս Պողոսյանի սպանություն և այլն, որ հանրության մեջ իրենք մնացել են որպես այդ մարդասպան ռեժիմի ներկայացուցիչներ, այսօր հանդես են գալիս այդպիսի զեկույցներով»,–ասաց նա՝ նկատելով, որ նմանատիպ հայտարարություններով երկու շաբաթ առաջ հանդես էր գալիս նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, և սա արդեն միտում է։

«Մենք գտնում ենք, որ ճգնաժամ չկա, որովհետև եթե ճգնաժամ լիներ Հայաստանի քաղաքացին դա անպատասխան չէր թողնի։ Դուք այսօր մեզանից լավ գիտեք, որ թե խոսքի ազատություն կա, թե կամքի արտահայտելու, թե հավաքներ կազմակերպելու։ Էն որ իրենք չեն հաջողվում էդ գործում, մենք դրանում մեղք չունենք, էն, որ ժողովուրդը էս պահի դրությամբ հեղափոխություն անելու անհրաժեշտությունը չի տեսնում, դա էլ ժողովրդի կամքն է»,ասաց նա։

Դիտարկմանը, որ ստատուս գրելու համար, հայտարարության համար մարդիկ ազատազրկված են, Ալխաս Ղազարյանն ասաց. «Ես չեմ ուզում մտնել իրավական գործընթացների մեջ, բայց նայած քո խոսքը ինչ բնույթ ունի, ինչ է իրենից ենթադրում, ինչի է տանում քո խոսքը, նայած դու ինչքան հետևորդներ ունես և այլն։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, մենք քաղաքական գնահատական տալիս ենք»։

Անդրադառնալով Լիդիա Մանթաշյանին կալանքի տակ պահելուն, որը, ըստ ընդդիմադիրների, միակ կին քաղբանտարկյալն է, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «ՀՀ–ում լինես կին, տղամարդ, սրբազան, օրենքի առաջ բոլորս պետք է հավասար լինենք, և եթե վաղը մյուս օր ինչ-որ խնդիր առաջանա նաև ինձ հետ, ես չեմ ասելու՝ գիտեք ինչ կա, ես կին եմ, ուրեմն ես արտոնություն ունեմ մեկ այլ կնոջ կամ մեկ այլ տղամարդու կամ ժողովրդի հանդեպ։ Ես կարծում եմ մենք պետք է իրավապահներին ուղղակի հանգիստ թողնենք։

Օրինակ, ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է կաշառք պահանջելու հարցով, բայց նրան նույնպես համարում են քաղբանտարկյալ, քաղաքական հալածյալ։ Նույնը Մասիսի քաղաքապետի դեպքում։ Այսինքն ինչպես ուզում, այնպես մեկնաբանում են»։

Լրագրողները նկատեցին, որ մարդկանց նկատմամբ քրեական վարույթները հարուցվում են վարչապետի ստատուսներից կամ ԱԺ ամբիոնից հրահանգներից հետո, Ալխաս Ղազարյանն ասաց, որ դրանք քաղաքական գնահատականներ են. «Ես էլ եմ հենց հիմա քաղաքական գնահատական հնչեցնում, որովհետև ես ձայնագրություն եմ լսել և ես համոզմունք ունեմ, որ նման բան տեղի է ունեցել։ Ես կարող եմ ասել, որ պետք է այո, իրավապահները այս դեպքում օրենքի ողջ խստությամբ գործեն, որպեսզի բացառենք հետագայում կաշառք վերցնելու արատավոր գործընթացը մեր համայնքի ղեկավարների և մյուսների կողմից։ Իրավապահները ողջ խստությամբ պետք է վերաբերվեն ընտրակաշառքներին, կաշառքներին։ Հիմա դա կլինի իմ թիմակից, կլինի իմ ընտանիքի անդամ, ես հորդորում եմ, կոչ եմ անում, հրահանգում եմ հենց այս րոպեից զբաղվել բոլորով։ Ես համաձայն չեմ, որ դա ուղղորդում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ երբ վարչապետը անընդհատ ստատուսներ գրելով ուղղորդում է իրավապահներին՝ չարաշահելով իր լիազորությունները, ՔՊ–ական պատգամավորը հարցով արձագանքեց. «Բայց իրավապահ համակարգը առանց հիմքեր ունենալու գնում է և գործողություն է իրականացնո՞ւմ։ Եթե չկա իրավական հիմք, փաստաբանները, պաշտպանները և մյուսները շատ լավ գիտեն ինչպես օգտվել օրենքից, իրավունքից և իրենց իրավունքները բարձրաձայնել։ Վստահաբար իրենք կօգտվեն իրենց ընձեռված իրավունքներից»։

Հարցին՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու հիմքը ո՞րն է, նա պատասխանեց. «Ես դատավոր չեմ, որ որոշեմ Սամվել Կարապետյանի դեպքում հիմքը որն է։ Ես հնչեցնում եմ քաղաքական գնահատական, նույն իրավունքով Վարդան Ղուկասյանին էլ անվանում եմ կաշառակեր, ու դա իմ իրավունքն է, իմ քաղաքական գնահատական է։ Իսկ թե իրավապահները ի՞նչ հիմքեր կունենան,  չեն ունենա, դա իրենք են որոշում։

Հիշու՞մ եք, մի քանի տարի առաջ անընդհատ ասում եին՝ սրան բռնում, բաց են թողնում, դուք եք մեղավոր։ Կարո՞ղ է՝ ես էի որոշում ում բռնեն, ում բաց թողնեն։ Ես ոչ մեկի ոչ բռնում եմ, ոչ էլ բաց եմ թողնում, ոչ էլ դատում եմ»։