Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ արդարադատության նախարարության և Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև 2021թ. դեկտեմբերի 10-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ է դրվել այս մարմինների միջև համագործակցությանը դատափորձագիտական գործունեության ոլորտում:
Նշյալ ոլորտում առավել սերտ և խորը համագործակցություն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կնքել միջազգային համաձայնագիր:
Այս համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաև իրականացնել դատափորձագիտական գործունեության և քրեագիտության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակում:
Միաժամանակ հարկ է նկատել, որ բարեկամության ու փոխշահավետ համագործակցության առկա հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է նաև կողմերի պետությունների ազգային շահերին: