Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության ուժային եւ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ սպառնացել է սպանել չեչենների ազգականներին, որոնց կկասկածեն «վահաբականության» մեջ, տեղեկացրել է «Медуза»-ն։
Հունիսի 25-ին կայացած խորհրդակցության տեսանյութը նույն օրը հրապարակել են Կադիրովի թելեգրամ-ալիքում։ Նրա արտահայտություններին ուշադրություն է դարձրել «Кавказ. Реалии» պարբերականը։ Կադիրովն, ըստ լրագրողների թարգմանության, ասել է հետեւյալը. «Եթե [կասկածյալը] կապված է շայթանների հետ, պետք է պատժել նրա ողջ ցեղին։ Այդ ցեղը պետք է իմանա, որ պատասխանատվություն է կրում լիովին... Եվ նա, ով կոտնձգի եղբոր դեմ, պետք է հասկանա, որ արյան վրեժով կսպանենք բոլորին՝ հորը, եղբորը, հորեղբորը... Ես դիմում եմ չեչեն ժողովրդին. գիտե՞ք ինչով են զբաղվում ձեր երեխաները։ Բոլորդ գիտեք վահաբականության ախտանշանները, տեսել եք՝ անմիջապես տեղեկացրեք տեղամասային ոստիկանին։ Ավելի լավ է մենք ժամանակին կանգնեցնենք, քան թե հետո սպանենք քեզ, որդուդ ու եղբորդ»։
«Чечня сегодня» պետական գործակալությունն իր հերթին տեղեկացրել է, որ Կադիրովը սպառնացել է պատժել «օրենքի ողջ խստությամբ» այն մարդուն, որը կոտնձգի իրավապահ մարմինների աշխատակցի դեմ։ Արյան վրեժի մասին գործակալությունը չի հիշատակում։
Չեչնիայի ղեկավարի թելեգրամում տեսանյութից հետո հրապարակված գրառման մեջ նշվել է, որ խորհրդակցությունում քննարկվել են նաեւ ,ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների կանխման աշխատանքի ուժեղացման հարցերը», իսկ Կադիրովը Դաղստանի ահաբեկչությունների հետ կապված կոչ է արել իրավապահ մարմինների ղեկավարությանը «ուժեղացնել հանրային անվտանգության ապահովման եւ ահաբեկչության կանխարգելման աշխատանքը»։
«Ես հատկապես նշել եմ, որ իրավապահ մարմինների եւ պետական կառույցների աշխատողի կյանքի դեմ ցանկացած ոտնձգություն դաժանորեն կասեցվելու է։ Օրենքի ողջ խստությամբ կպատժվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլեւ նրանք, ովքեր անուղղակիորեն աջակցել են նրանց դրանում։ Ես նաեւ կոչ եմ արել յուրաքանչյուր չեչենի հատուկ զգոնություն ցուցաբերել մերձավոր ազգականների հանդեպ, որպեսզի հետ պահեն նրանց ահաբեկչական գաղափարախոսության կործանարար ազդեցությունից»,- նշվել է Կադիրովի գրառման մեջ։
Չեչնիայի 1ADAT ընդդիմադիր թելեգրամ-ալիքը հավաստիացրել է, որ հունիսի 24-ից Չեչնիայում տեղի են ունենում ստուգումներ Դաղստանում ահաբեկչությունների հետ կապված։ Այլ աղբյուրներ այդ մասին չեն տեղեկացրել։



