Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։
Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։
Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։
Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։
2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։
Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։
Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։
2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։
Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում»,-գրել է նա։



