
Իսրայելն Ուկրաինային չի փոխանցել Patriot ՀՕՊ համակարգեր, որոնք ստացել է Միացյալ Նահանգներից և օգտագործել 1990-ականներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու համապատասխան հայտարարության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքի։
«Իսրայելն Ուկրաինային Patriot համակարգեր չի փոխանցել», - ասել է գործակալության աղբյուրը՝ նշելով, որ սա «պաշտոնական պատասխան» է։ «Հայտարարությունը սխալ է», - մեկնաբանել է նա Կիևում Իսրայելի դեսպանի հայտարարությունը։
Ավելի վաղ, Բրոդսկին հայտարարել էր, որ Իսրայելն ուկրաինական հակամարտության ժամանակ Կիևին է փոխանցել Patriot ՀՕՊ համակարգեր, որոնք ստացել է Միացյալ Նահանգներից և օգտագործել 1990-ականներին։ Դեսպանը չի նշել, թե երբ և ինչ քանակությամբ են համակարգերը փոխանցվել Կիևին։ Միևնույն ժամանակ, The New York Times-ը մայիսի սկզբին հայտնել է, որ Ուկրաինան կարող է լրացուցիչ ՀՕՊ համակարգեր ստանալ Patriot-ներ փոխանցելով, այդ թվում՝ Իսրայելից։