Իսլամաբադի իշխանություններն ապրիլի 9-ը և 10-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր՝ կապված քաղաքում ապրիլի 10-ին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվում են ոչ աշխատանքային օրեր Իսլամաբադի մայրաքաղաքային շրջանի վարչական գոտում, բացառությամբ կենսապահովման ծառայությունների գրասենյակների, ներառյալ հիվանդանոցները, վարչակազմը և ոստիկանությունը»,- ասված է Իսլամաբադի շրջանային մագիստրատի հայտարարության մեջ։
Պարբերականն ընդգծում է, որ հանգստյան օրերը սահմանվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև նշանակալի խաղաղ բանակցությունների նախաշեմին՝ անխափան լոգիստիկա, անվտանգություն և բնակչության հարմարավետությունն ապահովելու նպատակով։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման մասին։ Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են իրանական տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։



