Նախկին պաշտոնյան կարող է հատուկ թոշակ չստանալ...

Նախկին պաշտոնյան կարող է հատուկ թոշակ չստանալ, եթե դատապարտվել է ծանր հանցագործության համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից:

Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։

Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնավարման համար օրենքով նախատեսված հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։

Այժմ առաջարկվում է այս սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։ Այսինքն՝ անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։

Նախկին պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու կարգավորումն ընդունվել է 2022 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին։

Մինչ այդ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն ինքնին նախկին պաշտոնատար անձին հատուկ կենսաթոշակից զրկելու առանձին հիմք չէր։