Իրանը հանդես է գալիս միջազգային հիմնադրամի ստեղծման օգտին, որը նախատեսված կլինի պատժամիջոցներից տուժած պետությունների վնասները փոխհատուցելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը կոչ է անում ստեղծել պարտադիր մեխանիզմներ՝ տուժած պետությունների և բնակչության վնասների լիարժեք հատուցումն ապահովելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող «Միակողմանի պատժամիջոցների պայմաններում հումանիտար գործունեության, իրավական պաշտպանության միջոցների և պատասխանատվության հարցերով» միջազգային համաժողովում։
Դիվանագետը նշել է, որ Իրանն աջակցում է միջազգային փոխհատուցման հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված կլինի միջազգային պատժամիջոցներով հասցված վնասների վերացման համար, ինչպես նաև հարկադիր պարտավորությունների սահմանմանը, որոնք պատժամիջոցներ կիրառող պետություններից կպահանջեն վնասի հատուցում տրամադրել։
Նրա խոսքով՝ նման միջոցառումները անհրաժեշտ են բազմակողմ համագործակցության նկատմամբ վստահությունը վերականգնելու և զգալի մասշտաբի տնտեսական անարդարությունների կրկնությունը կանխելու համար։
«Երկկողմ պատժամիջոցները պարզապես քաղաքական հարց չեն։ Դրանք ելակետ են մարդկային անկայունության խորացման համար և իրենցից ներկայացնում են տնտեսական ահաբեկչություն»,- ընդգծել է Բահրեյնին։



