Իրանը, ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի կրճատման ֆոնին, որոշում է կայացրել էլեկտրաէներգիա ներկրել Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա՝ էներգիայի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է:
«Ներկայումս էլեկտրաէներգիան ներմուծվում է Թուրքմենստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից... Մենք Աֆղանստան ենք արտահանում ընդամենը մոտ 50 մեգավատ»,- ասել է նա:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին 1000 մեգավատ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի անջատման մասին: Ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում պետական գերատեսչություններում, բնակելի եւ արդյունաբերական օբյեկտներում: Մասնավորապես, անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել, հնարավոր է, որ դա կարող է կրկնվել շաբաթվա առաջին կեսին: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: