ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի, ԱՄՆ-ն «սերտորեն» կաշխատի Իրանի հետ, երկրից դուրս կբերի ամերիկյան B-2 ռմբակոծիչների հարվածներից հետո գետնի տակ մնացած ամբողջ միջուկային «փոշին»։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Իրանում ուրանի հարստացում չի լինի», - պնդել է Թրամփը՝ չնայած այն բանին, որ Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկում նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ արբանյակային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո ոչինչ դուրս չի բերվել։ Թրամփը նկատի ունի 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների ռմբակոծությունը, որից հետո վերջ դրվեց Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմին։
Թրամփը նաև նշել է, որ ըստ ԱՄՆ-ի գնահատման՝ Իրանում տեղի է ունեցել «ռեժիմի շատ արդյունավետ փոփոխություն»։
Նա նաև հայտնել է, որ Իրանի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները կմեղմացվեն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել Իրանին, որից հետո Իրանը 10 կետից բաղկացած իր սեփական առաջարկն էր ներկայացրել Վաշինգտոնին։
«15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել», - հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են, որ համաձայնել են երկշաբաթյա հրադադարի, որի ընթացքում բանակցություններ կվարեն։



