Յահյա Սինվարի ընտրությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար նշանակում է, որ պաղեստիցնիներն ընտրել են Իսրայելին ապագայից զրկող ուղին։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին։
«Երեկ Յահյա Սինվարի նշանակումը ցույց տվեց, թե ինչ ուղի են ընտրել պաղեստինցիները եւ ՀԱՄԱՍ-ը։ Այդ ընտրությունը նշանակում է, որ սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) չպետք է ապագայի որեւէ հույս ունենա»,- Մուսավիի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը Սինվարին անվանել է Պաղեստինի ազատության ամենամեծ մարտիկներից մեկը։
Մուսավին Իսրայելի կառավարությունը համեմատել է վայրի ցեղերի հետ՝ նշելով, որ «անգամ վայրենիներն ինչ-որ նորմեր ունեն», մինչդեռ Իսրայելը խախտում է միջազգային բոլոր նորմերն ու օրենքները։ Բոլոր հանցագործությունները, ներառյալ Իսմայիլ Հանիեի սպանությունը Թեհրանում, անպատասխան չեն մնա, «դրանք վճռական կոշտ պատասխան կստանան»,- ավելացրել է գեներալ-լեյտենանտը։
Օգոստոսի 6-ին պաղեստինյան արմատական շարժումը հայտարարել է Յահյա Սինվարի ընտրության մասին զոհված Իսմայիլ Հանիեի պաշտոնում։ Նա համարվում է շարժման ռազմական թեւի՝ «Իզեդդին ալ-Կասամի բրիգադներ» խմբավորման եւ ՀԱՄԱՍ-ի «Մադջ» ներքին անվտանգության կազմակերպության հիմնադիրներից մեկը, որը մասնագիտացած է Իսրայելի հետ համագործակցող պաղեստինցիների նկատմամբ պատժիչ գործողություններ կատարելու մեջ։