
Իրանը «եվրաեռյակի» երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է Հռոմում մայիսի 2-ին հանդիպում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ, նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս դիվանագետի։
Օմանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը, հնարավոր է, տեղի ունենա մայիսի 3-ին Եվրոպայում: Պաշտոնական որոշում, սակայն, դեռևս չի կայացվել։
Միևնույն ժամանակ, Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ի իր էջում նշել է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը մայիսի 3-ին տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում։
Եվրոպացի և արևմտյան դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ իրանական կողմը «եվրաեռյակին» հանդիպման առաջարկ է ներկայացրել ապրիլի 26-ին Հռոմում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո։ Ըստ աղբյուրների, եթե դա հնարավոր չլինի, իրանցիները նաև առաջարկել են քննարկումներ անցկացնել Թեհրանում մինչև ԱՄՆ-Իրան հաջորդ հանդիպումը։
Իրանցի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ նման առաջարկ եղել է, սակայն նշել է, որ եվրոպական երկրները մինչ այժմ չեն արձագանքել։
«Կարևոր է նույն տեսակետներն ունենալ 2015 թվականի համաձայնագրի բոլոր կողմերի հետ։ Հետևաբար, օգտակար կլինի այս շաբաթ հանդիպել «եվրաեռյակի» երկրների հետ՝ ամերիկացիների հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ», - ասել է Reuters-ին իրանցի պաշտոնյան։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։
Սեպտեմբերից ի վեր Թեհրանը և երեք եվրոպական տերությունները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու իրենց կապերը և միջուկային ծրագրի հարցը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտին տեխնիկական մակարդակով. քննարկվել են ապագա համաձայնագրի պարամետրերը՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը պատժամիջոցների վերացման դիմաց։