Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ 31 առևտրային նավ, ներառյալ նավթալցանավեր ու կոնտեյներներ տեղափոխող նավեր, վերջին 24 ժամվա ընթացքում հաջողությամբ անցել են Հորմուզի նեղուցով՝ իր ռազմածովային ուժերի համակարգմամբ, հաղորդել է Mehr-ը։
Հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի հանրային կապերի վարչությունը հայտնել էր, որ նախորդ 24 ժամվա ընթացքում 31 նավ, այդ թվում՝ նավթալցանավեր, կոնտեյներներ տեղափոխող և այլ առևտրային նավեր, անցել են Հորմուզի նեղուցով՝ ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի համակարգմամբ և անվտանգության ապահովմամբ։
«Չնայած ԱՄՆ ահաբեկիչ զինված ուժերի ագրեսիային և Պարսից ծոցում, հատկապես Հորմուզի նեղուցում անվտանգության ոլորտում աննախադեպ իրավիճակի ստեղծմանը, ԻՀՊԿ ռազմածովային նավատորմը ձգտել է սահմանել հստակ և անվտանգ երթուղի՝ անցման և համաշխարհային առևտրի շարունակականության ապահովման համար»,- նշվել է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Իրանի իշխանությունները, որոնք վերահսկում են Պարսից ծոցում գտնվող Հորմուզի նեղուցը, սահմանել են ջրային ճանապարհի վերահսկման կառավարման գոտի՝ չորեքշաբթի հայտարարելով, որ ռազմավարական միջանցքով տեղաշարժը պահանջում է համակարգում և թույլտվության ստացում։



