Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել մուսուլման...

Մուսուլմանական երկրները պետք է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի միջամտությանն իրենց ներքին գործերին։ Այսպիսի կարծիք է արտահայտել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին  ողջ աշխարհի մուսուլմաններին շաբաթ սկսված հաջի (ուխտագնացություն Սաուդյան Արաբիայում իսլամի սրբատեղիներ) առիթով հղված ուղերձում։ Նրա ուղերձից երկուշաբթի մեջբերումներ են ներկայացվում Թվիթերի էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք՝ իսլամի հետեւորդներս, ունենալով բնակչության մեծ թվաքանակ, ընդարձակ տարածքներ եւ անհամար բնական հարստություններ, պետք է կառուցենք մեր ապագան մեր ակտիվների եւ ռեսուրսների օգնությամբ, ինչպես նաեւ դիմակայենք ագրեսիային, միջամտությանն ու չարիքին, որոնց աղբյուրն են արեւմտյան տերությունները»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը։

Նա նաեւ ավելացրել է, որ մահմեդական երկրների «հետամնացությունը եւ կախվածությունը» արդյունքն են նրանց պասիվության եւ անբանիմացության»։ Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ վերջին 150 տարում այդ երկրները, հազվադեպ բացառությամբ,  ինքնուրույն որոշումներ չեն կայացրել՝ դառնալով Արեւմուտքի «միջամտության եւ ագահության» զոհերը։