Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցել...

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը սեպտեմբերի 10-12-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Դրա տեղեկություններով՝ Ահմադիյանը Սանկտ Պետերբուրգ է գնացել երեքշաբթի՝ «իր ռուս գործընկերոջ հրավերով»։ Ռուսաստանում գտնվելու ընթացքում Իրանի անվտանգության խորհրդի ղեկավարը կհանդիպի նաև այլ երկրների անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ, նշում է գործակալությունը։ Ռուսական կողմի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակին և տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությանը։