![Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի երկակի ստանդար...](/imgs/posts/medium/2023/05/2d1b587.jpeg)
ԱՄՆ-ն անհիմն բռնագրավում է իրանական նավթի խմբաքանակները՝ ընդ որում նրանք մեղադրում են Իրանին, երբ վերջինս նավերը կալանավորում է խախտումների համար, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման մասին։ Քանաանիի խոսքը մեջբերում է Jamaran գործակալությունը։
«Հակառակ ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններին՝ հենց ամերիկյան կառավարությունը դիմելով միջոցների, որոնք խախտում են ծովի օրենքը՝ առգրավելով եւ բռնագրավելով իրանական նավթի մի շարք խմբաքանակներ միջազգային ջրերում՝ վտանգի է ենթարկում նավարկության անվտանգությունը՝ պաշտոնական եւ միջազգային առեւտուրը եւ (դրանով հանդերձ) անամոթաբար մեղադրում է Իրանին»,- ասել է Քանաանին:
Քանաանիի խոսքով՝ Իրանը տարածաշրջանային եւ միջազգային ջրերում նավարկության անվտանգության ապահովման տեսանկյունից առավել արդյունավետ գործող երկիր է։ Նա պարզաբանել է, որ երկու նավերի վերջին կալանավորումը պայմանավորված է վերջիններիս խախտումներով եւ իրականացվել է դատարանի որոշումների հիման վրա՝ միջազգային նավագնացության օրենքները պահպանելու համար։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ վարում է միջամտողական եւ ապակառուցողական քաղաքականություն, որն անկայունություն է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում, եւ Իրանի հասցեին նոր մեղադրանքները նույնպես պատրվակ են՝ տարածաշրջանում ներկայությունը արդարացնելու կամ ավելացնելու համար։
Քանաանին նշել է, որ Իրանն ունի երկար ծովային սահման, ուստի նա ավելի շահագրգռված է Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովմամբ, քան մյուս երկրները, եւ «ամերիկյան ուժերի ներկայությունն ու ապակայունացնող գործողությունները կրկնապատկում են Իրանի պատասխանատվությունը տարածաշրջանի եւ Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման համար» ։
Ավելի վաղ Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի Պարսից ծոցում իր ներկայությունն ուժեղացնելու համար՝ տարածաշրջանում Իրանի ակտիվության մեծացման պատճառով։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է միջազգային առեւտրային նավերին ուղղված «Իրանի սպառնալիքների» կապակցությամբ։ Սպիտակ տան տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում նման 15 դեպք է գրանցվել։