![Քննարկվել են Վայոց ձորում սպանդանոցների անհաս...](/imgs/posts/medium/2025/02/c727931.jpeg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու ֆերմերների, տնտեսավարողների և մարզի ղեկավարների հետ: Քննարկվել են սպանդանոցների անհասանելիության և կենդանիների հիվանդությունների տարածման խնդիրները։
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է սպանդանոցային կետերի կառուցման հնարավորությունները, իսկ վարչական ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այդ հարցում:
Արմեն Դանիելյանը հորդորել է օգտվել Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում գործող նորակառույց սպանդանոցային կետի ծառայություններից կամ հարակից մարզերի սպանդանոցներից:
Նա փոխանցել է Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի սպանդանոցի սեփականատերերի (093 46-36-89, 077 81-80-00)՝ երկրի ցանկացած բնակավայրից կենդանիներին անվճար տեղափոխելու և մորթը կազմակերպելու պատրաստակամությունը:
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ քննարկվել են սննդի անվտանգության, սպանդանոցային կետերի կառուցմանն աջակցելու և կենդանիների հիվանդությունների կանխարգելման մեխանիզմները։
Արմեն Դանիելյանն այցելել է նաև նորաստեղծ սպանդանոց, անասնապահական ֆերմա և պանրի արտադրամաս: