ԱՄՆ նախագահը մտադիր է անեքսիայի ենթարկել Կանա...

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես-առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան կլանելու վերջերս դրսեւորված ձգտումն «իրական է»՝ զգուշացնելով, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է ստանալ հյուսիսային հարեւանի կարեւոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը, գրել է The Guardian-ը։

Հրաժարականի պատրաստվող վարչապետը Տորոնտոյում էր՝ բիզնես-առաջնորդերի եւ լեյբորիստների հապճեպ հրավիրված գագաթաժողովում, որի նպատակն էր համակարգել գործողությունները՝ ի պատասխան կանադական ներմուծման վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքի: Ուրբաթ օրվա գագաթաժողովում քննարկվել են ֆենտանիլի շարժը զսպելու, սահմանային անվտանգության եւ միջնահանգային առեւտրի հարցերը, սակայն Թրյուդոն ավելի ուշ լսարանին ասել է, որ ԱՄՆ նախագահի անեքսիայի սպառնալիքները, որոնք հաճախ դիտվում են որպես բանակցային մարտավարություն, լուրջ են եւ պետք է ընկալվեն որպես այդպիսին:

«Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմը ոչ միայն գիտի, թե որքան կարեւոր հանքային ռեսուրսներ ունենք, այլեւ գուցե դա է պատճառը, որ նրանք շարունակում են խոսել մեզ 51-րդ նահանգ դարձնելու մասին: Նրանք հիանալի տեղեկացված են մեր ռեսուրսների մասին, թե ինչ ունենք, եւ շատ են ցանկանում դրանից օգուտ քաղել: Սակայն պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է Կանադայի վարչապետը:

Դոնալդ Թրամփն այս շաբաթ հրաժարվել է մաքսատուրքերից, որոնք կարող էին վնասել Կանադայի տնտեսությանը՝ իր երկրի խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկին 30-օրյա հետաձգում տրամադրելով հետագա բանակցությունների համար: Բայց նա շարունակել է ծաղրել Կանադայի ինքնիշխանությունը՝ սոցցանցերում երկիրը ներկայացնելով որպես «51-րդ նահանգ» եւ բազմիցս Թրյուդոյին անվանելով «նահանգապետ», այլ ոչ թե վարչապետ: