Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի գլխավոր հենակետերից մեկում՝ Քուվեյթում, իր ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը։ Այս ամենի նպատակը իրանական հարվածներից կրած կորուստների ռիսկի նվազեցումն է։ Հուլիսի 31-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով վաշինգտոնյան աղբյուրներին։
Ըստ հրապարակման, Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներին Իրանի պատասխան հարվածների պատճառած կորուստների ֆոնին, ամերիկյան ղեկավարությունը վերանայում է էմիրությունում իր ներկայության մասշտաբները։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Պենտագոնը զորքերի կրճատման հնարավորությունը դիտարկում էր դեռ մինչև ռազմական գործողությունների սկիզբը, և ԱՄՆ-ն արդեն իսկ մասնակիորեն կրճատել է իր Քուվեյթում իր ներկայությունը՝ ռիսկերը հասցնելով նվազագույնի։
«Հարցն այն է, թե արդյո՞ք իմաստ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի նման խոշոր ներկայությունը, եթե Իրանի հետ պատերազմը շարունակվի», — նշում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող, Պենտագոնի նախկին աշխատակից Էլիզաբեթ Դենտը։
Թերթը հավելում է, որ եթե Վաշինգտոնում որոշեն, որ մեծաքանակ զորքերի մշտական ներկայությունն այլևս կրիտիկական կամ ռազմավարական տեսանկյունից նպատակահարմար չէ, ապա Քուվեյթը ռիսկի է դիմում իր անվտանգության գլխավոր երաշխավոր համարվող ռազմավարական գործընկերոջ աջակցությունը կորցնելու հարցում։
«Այս հարձակումներն ստիպեցին Քուվեյթի բնակիչներին ԱՄՆ ներկայությունը ընկալել որպես բեռ, բայց միևնույն ժամանակ՝ որպես երկրի պաշտպանության բացարձակ անհրաժեշտություն։ Կարծում եմ՝ [Քուվեյթի ղեկավարությունը] փորձում է հասկանալ, թե որն է լինելու պաշտպանական լավագույն ուղին», — նշել է Պարսից ծոցի արաբական երկրների ինստիտուտի նախագահ, Քուվեյթում ԱՄՆ նախկին դեսպան Դուգլաս Սիլիմանը։
Նույն օրը Իրանի բանակը հայտնել է Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի կործանիչների ըմբռնիչներին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին հարվածներ հասցնելու մասին։ Իրանցի զինվորականներն ընդգծել են, որ Քուվեյթի այս ավիաբազան առանցքային դեր է խաղում օդային հետախուզության գործողություններում, ԱՄՆ ռազմական գործողությունների աջակցման հարցում և տարածաշրջանում ամերիկյան բանակին օդային աջակցություն ապահովող գլխավոր կենտրոններից մեկն է։



