Հուլիսի 6-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Հայկական բնապահպանական ճակատի անդամ, Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։
Շահնազարյանը հայտնել է, որ ոստիկանները մոտեցել և պահանջել են, որ դրամահավաքը դադարեցվի։ Դրամահավաք իրականացնողները նշել են, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն:
Ոստիկանության գործողությունները բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, պաշռոնյաների կողմից որակվեցին ապօրինի: Հարցին անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ bարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն հասցեագրելով ոստիկանությանը:
Politik.am-ը թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ: Վերջինս ողջունում է փաստը, որ հանրային բողոքի ալիք բարձրացվեց, որ նման գործողություն է տեղի ունեցել,
«Առաջին անգամ էր, որ նման իրավիճակ էր ստեղծվել: Եվ պարզ երևում է, որ ոստիկանությունը ամբողջովին չի տեղեկացնում, թե ինչու է դա տեղի ունեցել: Սա շատ մտահոգիչ է, մասնավորապես, այն պատճառով, որ ոստիկանությունն ասում է, թե ապօրինի է դրամահավաքը, բայց, միևնույն ժամանակ, չի ներկայացնում հիմնավորումները, թե օրենքի որ պահանջով է, որ նման բան չի կարելի անել և որ օրվանից է, որ չի կարելի անել, որովհետև մենք տեսնում ենք բազմաթիվ նման դրամահավաքներ, բայց ոստիկանության ուշադրությունը գրավել է հենց Ամուլսարի հետ կապված դրամահավաքը»:
Հարցին՝ իրավապաշտպանը դիտավորությու՞ն է տեսնում, որ խոչընդոտվել է հենց Ամուլսարի հարցով հրամահավաքը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Պետք է պարզվեն իրավիճակի բոլոր հանգամանքները: Այն, որ Մարդու իրավունքների պաշտպանն է դիմել ոստիկանությանը՝ պարզաբանումներ տալու համար, ևս բավական կարևոր է: Նաև դրա արդյունքում մենք կունենաք ամբողջական պատկերը, թե ինչու են խոչընդոտել հատկապես Ամուլսարի հետ կապված դրամահավաքը»:
Ըստ իրավապաշտպանի՝ ոստիկանության ապօրինի գործունեության համար պետք է քաղաքացին դիմի դատարան: Մեր հարցին՝ այժմ, երբ հաճախ է խոսվում դատարանների անազատ լինելու մասին, կարո՞ղ են արդար որոշում ակնկալել, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց.«Դատարանները լավ են աշխատում, վատ են աշխատում, միևնույն է, միակ իրավական ուղին դա է՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու: Մենք մշտապես այդ մեխանիզմին դիմել ենք, երբ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է կատարել ակտիվիստների նկատմամբ: Անկախ նրանից՝ որ իշխանության օրոք է եղել, իրավական ճանապարհը դա է, ոչ մեկս չենք կարող գնալ ոստիկանության շենքը պաշարել, որովհետև այն չի աշխատում, կամ լավ չի աշխատում: Եթե մեր բանականությունը կորցնենք, կարող ենք նմանատիպ բաներ անել, բայց դրանք նորմալ չեն»:



