Ինչու է Իլհամ Ալիեւն արդեն բացահայտ սպառնում...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունը Սյունիքի կամ ինչպես ինքն է ասել՝ Զանգեզուրի, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ադրբեջանական հանրային-քաղաքական քննարկումներում բավական հետաքրքիր մեկնաբանություններ են ստանում։ Հետաքրքիր է այն, որ ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ ու փորձագետներ այս հայտարարությունը համարում են ոչ այնքան սպառնալիք Հայաստանին, որքան «մեսիջ»՝ ուղղված Ռուսաստանին։

Այս տեսակետն առաջ տանողների մոտ Հայաստանը որպես լիարժեք խաղացող էլ չի դիտարկվում, այլ ընդամենը համարվում է ռուսական կողմի մարիոնետը, եւ հետեւաբար, նրանց ուղիղ տեքստով են հայտարարում, որ «գնդակն արդեն ռուսների դաշտում է» եւ ռուսներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես «ստիպեն հայերին կատարել եռակողմ հայտնի հայտարարություններով սահմանված պարտավորությունները», ակնարկելով, որ հակառակ դեպքում իրենք պատրաստ են ռազմական ուժով հարցը լուծել։ Եվ իրականում էլ, սա, ըստ էության առաջին հայտարարությունն է Իլհամ Ալիեւի քաղաքական կենսագրության մեջ, որը ուղղված է ոչ թե ոչ թե ներքին լսարանին, ոչ թե հայկական կողմին, այլ ուղղակիորեն արտաքին խաղացողներին, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանին։

Ու այստեղ առաջանում է բավական հետաքրքիր հարց, իսկ ինչու է Ալիեւն այսքան լկտիացել։ Իհարկե, դեռ չենք խոսում այն մասին, թե ով է նրան այդքան «թեւ տվել», ու սահմանափակվում ենք դեռ այն հարցի արծարծմամբ, թե ինչու է Ալիեւն այսքան լկտիացել։ Այս հարցը ունի պատասխանի մի քանի տարբերակ․

• Հնարավոր է, որ Ալիեւը նոր պատերազմի է նախապատրաստվում, այժմ արդեն բուն Հայաստանի դեմ

• Հնարավոր է, որ Ալիեւը պարզապես սադրում է Մոսկվային, նրա հետ ինչ որ գործարք կնքելու ակնկալիքով

• Հնարավոր է, որ Ալիեւը դժգոհ է ռուսական խաղաղապահ առաքելությունից, որն իրականացվում է Ղարաբաղում, հատկապես, որ խաղաղապահները ամեն կերպ փորձում են ինտեգրացվել Ղարաբաղում

• Հնարավոր է, որ սա Ալիեւի արձագանքն է առաջիկա մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը Ստեփանակերտում կայանալիք ռուսական զինվորական շքերթին, մի բան, որ Ադրբեջանում չափազանց ծանր են տանում։

• Գուցե սա մանեւր է, որը պետք է դիտարկել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրվելու ընդհանուր համատեքստում։ Մենք կարող ենք այս հարցի հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, դրանք քննարկել եւ վերլուծել, սակայն կա նաեւ մեկ իրողություն, որը աչքաթող անել չի կարելի․ ռուսների մեղավորության չափաբաժինը՝ Ալիեւի լկտիացման գործում։ Ալիեւն ըստ էության հասկանում է, որ իրեն արդեն ամեն բան թույլատրված է, նույնիսկ միջուկային գերտերությանը սպառնալը։

Ու երբ այդ սպառնալիքին ՌԴ ԱԳՆ-ն իր խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով խիստ «սեթեեւեթալից» պատասխաններ է տալիս, դա ավելի է ոգեւորում, կարելի է ասել նաեւ՝ գրգռում Բաքվին։ Հատկապես, երբ բոլորիս է հայտնի, որ ռուսական էլիտայի որոշակի մի հատված չափազանց բուռն ու կրքոտ սիրավեպի մեջ է ադրբեջանական լոբբիստների հետ եւ դարձել է փաստացիորեն Մոսկվայում Բաքվի շահերի սպասարկող «դիվիզիայի» մի մասնիկը։ Այլ կերպ ասած՝ երբ Սերգեյ Նարիշկինը Գոդ Նիսանովի շոգեբաղնիքում է հանգստանում, Ալիեւը կարող է նաեւ իրեն թույլ տալ սպառնալ Մոսկվային։