Իշխանական քարոզչամեքենայի վերջին օրերի հիստերիկ ակտիվությունը Գագիկ Ծառուկյանի դեմ պատահական արձագանք չէ, այլ հստակ քաղաքական վախի դրսևորում։ Իսկ ինչու՞ է վախենում իշխանությունը։ Առաջիկա ընտրություններին նա դիտարկվում է որպես այն դերակատարը, որը կարող է շարժման բերել հասարակության ամենաանվերահսկելի շերտը՝ «բոլորին դեմ» զանգվածը։
Սա այն զանգվածն է, որն այլևս չի հավատում ոչ խոստումներին, ոչ կարգախոսներին և որի ծավալը, տարբեր գնահատականներով, մոտենում է 40 տոկոսի։ Փաշինյանի իշխանության համար այս շերտի արթնացումը նշանակում է ոչ թե հերթական ընտրություն, այլ համակարգային ճգնաժամ։
Ծառուկյանի վտանգավորությունը իշխանության համար ընտրական մաթեմատիկայից դուրս է։ Այն սոցիալական հիասթափությունը, որը Փաշինյանի իշխանության տարիներին խորացել է՝ թոշակներից մինչև աշխատավարձեր, այսօր փնտրում է ոչ թե գաղափարական ճառեր, այլ ուժ, ռեսուրս և ազդեցություն։ Այն մարդիկ, որոնք ժամանակին հավատացել էին «ժողովրդի իշխանության» լոզունգներին, հիմա հասկացել են, որ իրենց սոցիալական փակուղին այս կառավարության օրոք լուծում չունի։ Այդ փակուղուց դուրս գալու պահանջարկն է, որ Ծառուկյանին դարձնում է քաղաքական իրական գործոն։
Հակառակ իշխանական քարոզչության՝ Ծառուկյանի խոշոր կապիտալը հանրային ընկալման մեջ վերածվում է քաղաքական վստահության աղբյուրի։ Նա չի ընկալվում որպես իշխանության ձգտող՝ հարստանալու համար, այլ որպես մարդ, որը քաղաքականություն է մտնում արդեն կայացած դիրքերից։ Սա կտրուկ հակադրություն է այն իշխանական վերնախավին, որի դեպքում հասարակության լայն շերտերի մոտ գերակշռում է նույն պատկերացումը՝ իշխանությունը որպես հարստացման գործիք։
Ծառուկյանը ընդունելի կարող է լինել նաև նախորդ համակարգը մերժողների համար, քանի որ այն ժամանակ, երբ նա ընդդիմանում էր նախորդ իշխանությանը, Փաշինյանն ու նրա թիմը փաստացի աշխատում էին այդ նույն իշխանության ներսում՝ որպես վերահսկելի և անվտանգ «ընդդիմություն»։



