ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ըստ էության բացահայտեց թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա «կուտակված ամպերը»։ Վերլուծաբանների ուշադրությունը գրավել է հատկապես այն, որ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գծով իր թուրք դաշնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել երեք ամիս անց նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, ինչն արդեն իսկ նշանակում է, որ Անկարան այլեւս այն արժեքը չունի Վաշինգտոնի համար, ինչ ուներ նախկինում։
Իսկ այն, որ ԱՄՆ նախագահը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, ըստ վերլուծաբանների ցույց է տալիս նաեւ, թե որքան է թուլացել Թուրքիան։ Չմոռանանք, որ ԱՄՆ վարչակազմը հստակ ազդակներ է ուղարկում, որ այժմ ավելի շատ Թուրքիան ունի ԱՄՆ կարիքը, քան Միացյալ Նահանգները Թուրքիայի։ Բայդենի կատարած հիրավի պատմական քայլը կարելի է համարել շատ հզոր նախազգուշական կրակոց Վաշինգտոնից, ուղղված Թուրքիային եւ հատկապես նախագահ Էրդողանին, որ եթե չվերանայի իր կեցվածքը թե արտաքին քաղաքականության ոլորտում, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ թե իր երկրի ներսում, իրավիճակը կարող է ավելի ծանրանալ Անկարայի համար։
Դիվանագիտական լուրջ փորձառություն ունեցող Բայդենը բավական հետաքրքիր ռազմավարություն է կիրառում, ցույց տալով, որ ունի բավարար գործիքակազմ կոնկրետ դեպքում Էրդողանի կյանքը դժոխքի վերածելու, սակայն առայժմ առաջին կրակոցով փորձում է զգաստացնել ու բերել Էրդողանին այն դաշտ, որպիսին Թուրքիան եղել է ԱՄՆ հետ դաշնակցային պատմության ողջ ընթացքում։ Բանն այն է, որ ռեգիոնում, հատկապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների համար Թուրքիան մշտապես ԱՄՆ կողմից ընկալվել է որպես դեմոկրատիայի հենարան, որը առավել արեւմտյան կենսակերպին է հետեւել։ Սակայն Էրդողանի իշխանության գալուց հետո, հատկապես երբ Էրդողանը սկսեց շեշտադրել իսլամիզացիան եւ նեոօսմանական հակումները, Միացյալ Նահանգների համար Թուրքիայի կարգավիճակում որոշակի փոփոխություն եղավ եւ Ամերիկային ամենեւին դու չի գալիս այն ազգայնական պոպուլիզմն ու սոցիալական պահպանողականությունը, որով առաջնորդվում է Թուրքիայի ներկայիս ղեկավարություն։
Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին իրենց կպատասխանեն Բայդենին, սակայն իրավիճակն այնպիսին է, որ Անկարան դժվար է առաջիկա տարիներին կարողանա ինչ որ բան ունենա՝ Բայդենին համարժեք պատասխան տալու համար։