Հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմակ...

Կիրակի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ-Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան։

Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող զինամթերքի գործարանը։

Տեղեկություններ կան նաև Իրանի արևմտյան Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի, իսկ Համադան և Ռեշտ քաղաքներում պայթյունների և հրդեհների մասին։
Թեհրանում, ըստ տեղի բնակիչների, հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը։ Ականատեսները հայտնում են, որ Իրանի մայրաքաղաքի երկինք են բարձրացրել ինքնաթիռներ։

Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել ՊՆ կենտրոններից մեկի վրա։ Դրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Թե որ երկրին են պատկանում իրանական ռազմական օբյեկտի վրա գրոհած անօդաչու սարքերը, Իրանի իշխանությունները դեռ չեն հայտնել։

Արաբական Al Arabiya լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանում։ Իսրայելը չի ​​մեկնաբանում այս հայտարարությունը։