Բիլլ Գեյթսի դստերը՝ Ֆիբիին, կարող է սպառնալ մինչև 20 տարի ժամկետով քրեական պատիժ, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ նա գիտեր cookie-ների միջոցով եկամտի ապօրինի սխեմայի մասին, որն օգտագործել է իր հիմնադրած Phia ընկերությունը։ Այդ մասին հայտարարել է մտավոր սեփականության հարցերով մասնագիտացած ամերիկացի իրավաբան Արիել Գիվները:
«Սովորաբար սա ամերիկյան դատարանների կողմից որակվում է որպես դաշնային մակարդակի ցանցային խարդախություն։ Բացառված չէ մինչև 20 տարվա ազատազրկման առավելագույն պատիժը՝ գումարած տուգանքներ և ռեստիտուցիա», - այսպես է Գիվները մեկնաբանել Bloomberg-ի հաղորդագրությունը։
Ինչպես օգոստոսի 11-ին գրել էր գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին և ընկերության ներքին նամակագրությանը, Ֆիբի Գեյթսը և նրա գործարար գործընկերը՝ Phia էլեկտրոնային առևտրի ոլորտի ստարտափի համահիմնադիր Սոֆիա Կիաննին, առնվազն յոթ ամիս գիտեին կեղծ cookie-ների կիրառման մասին։
Phia-ն առցանց գնումների թվային օգնական է, որն օգնում է օգտատերերին գտնել ապրանքները առավել շահավետ գներով և հետևել զեղչերին։ Ընկերությունը գումար է վաստակում հավելվածի միջոցով անցնելուց հետո կայքերում կատարված գնումների միջնորդավճարներից։ Սակայն, ինչպես պարզվել է, ծրագրերն առանց օգտատերերի գիտության գնումների մասին տվյալներն իրենց էին վերագրում նույնիսկ այն դեպքերում, երբ հաճախորդը խանութի կայք էր մուտք գործել այլ ճանապարհով։ Արդյունքում Phia-ն վարձատրություն էր ստանում այն գործարքների համար, որոնց հավելվածն իրականում որևէ առնչություն չուներ, գրել էր գործակալությունը հուլիսին։



