Նարեկ Կարապետյանը Էդգար Ղազարյանին համարում է...

Երեկ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը, դիմելով ՔՊ-ականներին, ասաց․«Մեր զինվորների մահը սրիկայաբար շահարկում եք այստեղ»։

«Սրիկայաբար» ձևակերպումը խիստ դուր չեկավ ՔՊ-ականներին, և նրանք հարձակվեցին Էդգար Ղազարյանի վրա։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի այդ արտահայտության համար։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ըստ էության, տրվեց ՔՊ-ականների ճնշմանը և հայտարարեց․«Որպեսզի լինենք արդար, ես ինչ-որ չափով կիսում եմ ձեր մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը»։

Հետո արդեն միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին, Նարեկ Կարապետյանը, ըստ էության, ընդունեց նաև ՔՊ-ականների պնդումը, թե Էդգար Ղազարյանը խնդրահարույց է․«Իրենք էլ ունեն պատգամավորներ, որոնք բավական խնդրահարույց են»։

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները գնացին խմբակցության սենյակ, որտեղից Էդգար Ղազարյանը դուրս եկավ խիստ այլայլված։ Նրա տեսքից հասկանալի էր, որ ներսում ծանր խոսակցություն էր տեղի ունեցել։

Չնայած Նարեկ Կարապետյանը, տրվելով ՔՊ-ականների ճնշմանը, միայնակ թողեց իր թիմակից Էդգար Ղազարյանին, հանրությունն այլ ուղղությամբ գնաց։ Մարդիկ հարյուրներով սկսեցին գրել, որ Ղազարյանի՝ ՔՊ-ականների մասին օգտագործած «սրիկայաբար» ձևակերպումը դեռ մի բան էլ քիչ է ասված։

Այս ամենի ավարտին այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Նարեկ Կարապետյանն այդպես վարվեց, ինչու ՔՊ-ականների հարձակմանը զուգահեռ միայնակ թողեց իր թիմակցին։

Դա վա՞խ էր, թե՞ պայմանավորվածություն։