Եթե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանեն Ռուսաստան, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել նրանց, սակայն այլ հարց է, թե ինչ առաջարկներով են նրանք գալու: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք չենք հրաժարվում նրանց հետ խոսելուց։ Եթե նրանք գան, նրանք գիտեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել նրանց։ Այլ հարց է, թե ինչով են նրանք գալու», - ասել է Լավրովը։
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ եթե ԱՄՆ-ում Ուիթքոֆին և Քուշներին այդպիսի վստահություն է ցուցաբերվում, ապա նրանք ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի վրա, նա վստահում է նրանց»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական կարգավորման հարցերը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուիտկոֆը և Կուշները պատրաստ կլինեն հարմար պահի ժամանել Մոսկվա։ Մոսկվան կկարողանա օպերատիվ կերպով կազմակերպել Ուիթքոֆի և Քուշների այցը Ռուսաստան, երբ ավելի պարզ դառնա, թե որոնք են նրանց իրական պլանները, ավելի ուշ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։



