Ազգային ժողովը վտանգում է վերածվել բացարձակապես անհասկանալի օրակարգով, քաղաքացիների իրական սոցիալ-տնտեսական խնդիրներից կտրված մարմնի, մինչդեռ խորհրդարանի ղեկավարությունը կանոնակարգը պահպանելու փոխարեն սահում է դեպի սպառնալիքների լեզու և «ակն ընդ ական» սկզբունք։ Այս մասին օգոստոսի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով նիստերի ընթացքում տիրող մթնոլորտը և աղմկահարույց միջադեպերի ու ներողություն պահանջելու հարցի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ նիստերը նախագահող անձինք ամբողջությամբ հրաժարվել են անաչառ մրցավար լինելու իրենց խոստումից և գործում են բացառապես իշխող թիմի շահերից ելնելով։
«Փոխանակ օրենքի շրջանակում կարգապահության կոչեն մասնակիցներին, նիստերը նախագահողներն իրենք են օգտագործում ագրեսիվ հռետորաբանություն և սպառնում պատգամավորներին դուրս շպրտել դահլիճից՝ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը տեղափոխելով հինկտակարանյան հաշվեհարդարների մակարդակ։ Երբ ԱԺ ղեկավարության կողմից հասարակությանը նման ազդակներ են փոխանցվում, և ընդդիմությունից առանց որևէ իրավական հիմքի ներողություն են պահանջում, դա վկայում է բացարձակ իրավական նիհիլիզմի մասին»,- նշել է Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ խմբակցությունն արդեն իր հստակ դիրքորոշումն արտահայտել է ղեկավար Նարեկ Կարապետյանի միջոցով և մտադիր չէ տրվել պարտադրվող խաղի կանոններին։



