Հուսով եմ՝ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ քիչ է գ...

Պետությունն ամբողջությամբ ապահովել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ամբողջ «Վագներ» խմբի ապահովումն իրականացվել է պետության կողմից՝ պաշտպանության նախարարությունից, պետբյուջեից մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք այդ խմբին»,- ասել է ՌԴ ղեկավարը։

2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը իշխանությունները մասնավոր ռազմական ընկերությանը վճարել են ավելի քան 86 միլիարդ ռուբլի, նշել է պետության ղեկավարը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում ընկերության սեփականատերը՝ «Կոնկորդ»-ը, 80 միլիարդ ռուբլի է վաստակել՝ «Վոենտորգ»-ի միջոցով սնունդ մատակարարելով բանակին և սննդի ծառայություններ մատուցելով։

«Հուսով եմ՝ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ քիչ է գողացել, բայց մենք կզբաղվենք այդ ամենով»,- ասել է Պուտինը՝ խոսելով «Վագներ»-ի ղեկավարության մասին:

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել: