Հռոմում նշվել է Հայաստանի անկախության տարեդար...

Հռոմի Aquario Romano պալատում անցկացվել է երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 34-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության, Իտալիայի նախագահի աշխատակազմի, կառավարության, այլ նախարարություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ, իտալացի սենատորներ և պատգամավորներ, Իտալիայում և ՄԱԿ մասնագիտացված կառույցներում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, իտալական համալսարանների և ուղեղային կենտրոնների, բիզնեսի, մշակույթի և լրագրողական դաշտի, Իտալիայի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, մանրամասնելով, որ երեկոն մեկնարկել է հայ օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ Հայաստանի և Իտալիայի օրհներգներով, ինչին հաջորդել է դեսպան Վլադիմիր Կարապետյանի ողջույնի խոսքը: 

Դեսպան Կարապետյանը խոսել է հայ ժողովրդի համար անկախության բարձրագույն արժեքի և անկախության համար անցած փորձությունների, հայ-իտալական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանի խաղաղ գործընթացում Իտալիայի կարևոր դերի, հայ-իտալական հարաբերությունների առաջմղման հարցում հայ համայնքի կարևոր դերի մասին:

Իտալական կողմից ելույթ է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին, որը խոսել է հայ-իտալական հարաբերությունների խոր արմատների, ժողովուրդների միջև մեծ համակրանքի, Իտալիայի համար տարածաշրջանի ռազմավարական լինելու, Իտալիայի հայ համայնքի կարևորության, տարածաշրջանի խաղաղ գործընթացի առաջմղման հարցում ՀՀ վարչապետի կարևոր դերի, Ասիան Եվրոպային կապող տարածաշրջանային հաղորդակցությունների կարևորության մասին:

Ողջույնի խոսքերից հետո մեկնարկել է հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ «Հայաստանի գույներ» խմբի դասական և հայ կոմպոզիտորների հեղինակած երաժշտության համերգը՝ շուրջ մեկ ժամ տևողությամբ, որը մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունվել է ներկաների կողմից:

Համերգին հաջորդել է հայկական խոհանոցի, հայկական գինիների և կոնյակի համտեսով ընդունելությունը: