«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի «տիկտոկերուհուն»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդամենը երկու տեղակալ ունի։ Մեկը Աննա Մազմանյանն է, մյուսը՝ Գայանե Գաբրիելյանը, որի նշանակումն աժիոտաժ էր առաջացրել համացանցում, քանի որ, պարզվեց, մինչ փոխնախարար դառնալը նա սիրել է ժամանակն անցկացնել «Տիկ-Տոկ»-ում՝ մանկական ձայնով կարճ տեսանյութեր տեղադրելով այնտեղ։

Մենք տեղեկացանք, որ նա շուտով պատրաստվում է մայրանալ եւ նոյեմբերի 1-ից ֆիզարձակուրդ է գնալու։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, փաստորեն, մնալու է մեկ տեղակալի՝ միայն Աննա Մազմանյանի հույսին։ Ու չգիտեն էլ՝ ով կփոխարինի «տիկտոկերուհուն»։

Նախարարությունում, ասում են, առանց այն էլ երկու փոխնախարարը «քչություն» էր անում՝ գերծանրաբեռնված են աշխատում, չեն հասցնում, նոր փոխնախարարի կարիք ունեն։

Ի դեպ, Գաբրիելյանը, երբ այս տարվա հուլիսին նշանակվեց փոխնախարար, արդեն բալիկի էր սպասում, եւ առնվազն տարօրինակ է, որ մի քանի ամսից դեկրետ գնացող կնոջը փոխնախարար են նշանակել, ու նա, դեռ աշխատանքին չծանոթացած, արձակուրդ է գնալու, եւ իրեն վստահված ոլորտը մնալու է «անտեր»։ Սա էլ արդյունավետ մենեջմենթի մի «փայլուն» օրինակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում