Էթնիկ անկլավների ձևավորումը թույլ չտալը իրականացվող աշխատանքի էական բաղադրիչն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, միգրանտների բարձր կենտրոնացումը առանձին տարածքներում, առաջին հերթին՝ խոշոր ագլոմերացիաներում, արդարացիորեն մտահոգություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Դա հաճախ կապված է նաև այստեղ ժամանածների ընտանիքների անդամների գտնվելու, ռուսերեն լեզվի իմացության նրանց ցածր մակարդակի, մեր նորմերն ու ավանդույթները պահպանելու չցանկանալու, ինչպես նաև օտարերկրացիների կողմից կատարվող իրավախախտ գործունեության դեպքերի հետ։ Այդպիսի հանցագործություններից որոշները ստանում են շատ լուրջ հասարակական արձագանք։
Հակիրճ կանդրադառնամ մի քանի գործնական քայլերի։ Նախ՝ աշխատանք է տարվում օտարերկրյա աշխատուժի կազմակերպված հավաքագրման արդյունավետ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Սա թույլ կտա կարգավորել միգրացիոն հոսքը։ Երկրորդ՝ սահմանափակվել են աշխատանքային միգրանտների՝ մեր երկիր իրենց ընտանիքները բերելու հնարավորությունները։ 2027 թվականի հունվարից ուժի մեջ կմտնեն օրենքի դրույթները, որոնց համաձայն օտարերկրյա աշխատողները պարտավոր կլինեն պահել իրենց և իրենց ընտանիքներին առնվազն կենսապահովման նվազագույնի մակարդակով՝ բազմապատկված տարածաշրջանային գործակցով։ Եթե հարկային մարմինները չհաստատեն միգրանտի եկամտի առկայությունը կամ որոշեն, որ այն չի համապատասխանում սահմանված չափերին, նրա պատենտը կամ աշխատանքի թույլտվությունը կչեղարկվի, իսկ ինքը օտարերկրացին և նրա ընտանիքի անդամները կկորցնեն մեր երկրում գտնվելու իրավունքը։
Երրորդ՝ խստացվում է վերահսկողությունը միգրացիոն ոլորտում։ Դրա համար կատարելագործվում է օտարերկրյա քաղաքացիների նույնականացման համակարգը, այդ թվում՝ նրանց կենսաչափական տվյալներով և գենոմով։ Այս համակարգի կարևոր տարր է «թվային պրոֆիլի» ներդրումը, որը թույլ է տալիս նույնականացնել յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու մեր երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։ Մենք երկիր չենք թողնում նրանց, ովքեր կարող են սպառնալ հասարակական անվտանգությանը կամ իրենց մասին կեղծ տեղեկություններ են հաղորդում։ Մոսկվայի տարածաշրջանում անցկացվում է փորձարարություն, որը ենթադրում է միգրանտների գտնվելու վայրի որոշում գեոլոկացիայի միջոցով։
Չորրորդ՝ լուրջ ուշադրություն է դարձվում համաճարակաբանական բարեկեցության հարցերին։
Օրենսդրության վերջին փոփոխություններին համապատասխան՝ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ավելի կարճ ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, անցնել բժշկական զննություն՝ նրանց մոտ ոչ միայն վտանգավոր վարակիչ հիվանդությունների, այլև թմրամիջոցների օգտագործման փաստերի առկայությունը պարզելու համար։ Միևնույն ժամանակ խստացվում է բժշկական կազմակերպությունների պատասխանատվությունը օտարերկրացիներին տրվող եզրակացությունների կեղծման համար։
Եվ վերջապես՝ հինգերորդը. քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են ընդունվել։ Դրանք զգալիորեն ընդլայնում են ձեռք բերված քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերի ցանկը», - նշել է Մեդվեդևը։



