«Որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր–պրոֆեսո...

Մեզ վրա ճնշում էին գործադրում դպրոցների փակման հարցով, սակայն ես ուրախ եմ, որ մենք այդ ճնշմանը չենք ենթարկվել։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը մի քանի բնակավայրերի համար կառուցում է կլաստերային դպրոցներ։  

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է այն հիմքով, որ որոշ դպրոցներում հնարավոր չէ կազմակերպել կրթական գործընթացը, մինչդեռ բնակավայրերից աշակերտների տեղափոխումը կրթական հաստատություններ ֆինանսավորում է կառավարությունը։

Նա անընդունելի է համարել ընդդիմության քննադատությունը Հայաստանի կրթության որակի վերաբերյալ։

«Երկրի դպրոցների 90 տոկոսը պետք է կամ կառուցել, կամ վերանորոգել։ Մենք փորձում ենք համակարգ ստեղծել դպրոցների փլատակների վրա։ Ո՞նց կարող էր 30 տարվա անկախության պատմություն ունեցող երկրում 1 000 դպրոց ունենալու անհրաժեշտություն առաջանալ»։— նշել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ նախկինում ուսուցիչների պատվին կենացներ են խմել, որովհետև նրանք պետք էին ընտրակեղծիքների կազմակերպման համար։ Վարչապետը հավելել է, որ դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագրի համար հատկացվել է 200 մլրդ դրամ։

«Իսկ ի՞նչ եք ուզում այն երկրից, որտեղ «Լիսկան» (Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը- խմբ.) գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ա։ Կարծեմ Գագիկ Ծառուկյանն էլ ա գրքի հեղինակ։ Էս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել։ Դուք այս ամենի համար պետք է պատասխան տաք։

Դաշնակներն ու ՀՀԿ-ն դպրոցները վերածել էին ընտրակեղծիքների և կոռուպցիայի հարթակների։ Մեզ մոտ մինչ օրս դպրոցներում խնդիրներ կան, կան տնօրեններ և ուսուցիչներ, որոնք դպրոցներում արմատավորում են ան-գրա-գի-տություն։

Ես արդեն նախարարին հանձնարարել եմ ամբողջ այդ զանգվածը դուրս բերել դպրոցներից։ Ինձ բացատրությունները չեն հետաքրքրում։ Անգետ տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից, իսկ նրանք տասնյակներ են։ Այդ պատճառով էլ ասում եմ, որ հեղափոխություն է պետք», — նշել է Փաշինյանը։