Հորդանանն ուժեղացրել է ռազմական ներկայություն...

Հորդանանն ուժեղացրել է ռազմական ներկայությունը Իսրայելի հետ սահմանի երկայնքով եւ նախազգուշացրել է, որ պաղեստինցիներին Հորդանան գետով ուժով տեղափոխելու Իսրայելի ցանկացած փորձ կհամարվի խաղաղության համաձայնագրի խախտում, տեղեկացրել է Reuters-ը։

Վարչապետ Բիշեր Հասաունան հայտնել է, որ իր երկիրը կդիմի «բոլոր միջոցներին, որոնք ունի», որպեսզի խանգարի Իսրայելին իրականացնել պաղեստինցիների տեղափոխման որեւէ քաղաքականություն՝ Արեւմտյան ափից նրանց զանգվածային արտաքսման նպատակով։

Հորդանանը Եգիպտոսից հետո երկրորդ արաբական երկիրն է, որը ստորագրել է խաղաղության համաձայնագիրը, ամուր կապեր ունի Իսրայելի հետ անվտանգության ոլորտում։ Բայց հարաբերությունները կտրուկ վատացել են Իսրայելի պատմության մեջ ամենաաջ կառավարության իշխանության գալուց հետո։

Հասաունան ընդգծել է, որ Հորդանանի ազգային անվտանգության ցանկացած սպառնալիք «քննարկումների առիթ կստեղծի», ավելացնելով, որ Իսրայելի հետ սահմանի երկայնքով զորքերի տեղակայումը երկրի անվտանգության պաշտպանության միջոցներից մեկն է։

Հասաունան հայտնել է, որ Իսրայելի գործողություններն Արեւմտյան ափին կարող են հրահրել ավելի մասշտաբային բռնություն։ «Իսրայելը պետք է  խուսափի ցանկացած թեժացումից Արեւմտյան ափին... Դա կարմիր գիծ է, որը Հորդանանը չի ընդունի»,- ավելացրել է վարչապետըւ։

Վաշինգտոնը եւս Իսրայելին կոչ է արել սահմանափակել վերաբնակների կողմից իրականացվող բռնությունը՝ զգուշանալով ավելի լայն հակամարտությունից։