
2025 թվականի մայիսի 13-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով փոստային բացիկ և հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:
400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արարողության ժամանակ ուրախությամբ նշեց, որ հերթական անգամ ՀՀ-ում պատվի է արժանանում տեխնոլոգիական ոլորտի ևս մեկ հսկա Յոշիակի Հագիվարան, ով դարձավ պետական մրցանակի դափնեկիր։
«ՏՏ բնագավառում այս մրցանակը ստացել է ոլորտի Օսկարի անվանում։ Այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, ՀՀ-ն գնահատում է նրանց ներդրումը, նրանք կապվում են Հայաստանի հետ, և հույս ունենք, որ դրանով իսկ իրենց ավանդն են բերում տվյալ ոլորտի զարգացման գործում։ Շնորհակալ ենք պարոն Հագիվարային մեր երկիր այցելելու և մրցանակը ստանալու կապակցությամբ։ Նման պատվի ՀՀ-ում քչերն են արժանանում, այն էլ կենդանության օրոք։ Իսկապես ուրախալի է, որ Հայաստանի և ցանկացած այլ պետության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասաց Հարությունյանը։
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նամականիշի թեման նվիրվում է համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում մեծագույն ավանդ ունեցած երեք հսկաներին։
«Սրանով փաստացի ևս մեկ անգամ մեր երախտագիտության խոսքն ենք ասում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ ավանդ ունեցած այդ հսկաներին։ Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ դրսևորվում է ՀՀ կառավարության երազանքը երկրի ապագայի նկատմամբ՝ Հայաստանը դարձնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորագույն համաշխարհային կենտրոններից մեկը։ Ընդամենը 20-30 րոպե ժամանակ եմ ունեցել շփվելու Յոշիակի Հագիվարայի հետ և կարող եմ ասել, որ բացի ՏՏ ոլորտում ունեցած իր ավանդից, նորարարությունների ոլորտում իր կարևորագույն ձեռքբերումներից, առանձնահատուկ կերպով տպավորված եմ նաև նրա մարդկային տեսակով և առանձնահատուկ համեստությամբ, որով ուղղակի հմայված եմ։ Աշխարհի քարտեզի վրա, ի դեմս Հայաստանի, կա ևս մեկ երկիր, որտեղ պարոն Հագիվարային սիրում են և միշտ սպասելու են»,- ասաց ԲՏԱ նախարարը։
Ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան ի պատասխան ասաց, որ շատ տպավորված է մրցանակ ստանալու առթիվ և ուրախ է, որ իր պատկառելի տարիքում ևս դեռ կարող է օգտակար լինել։
«Ես կրթական ծրագրերի շրջանակում աշխատում եմ առավելապես երիտասարդների հետ, որովհետև նրանք մեր ապագան են։ Երախտապարտ եմ իմ ուսուցչին՝ Մոկիմոտա Սանին, ով Ճապոնիայում եղել է կիսահաղորդիչների զարգացման հիմնադիրը։ Ժամանակին ես ուզում էի կիսահաղորդիչներով ընդամենը խաղալիքներ պատրաստել, բայց ստացվեց այնպես, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունն այսօր կառուցված է կիսահաղորդիչների վրա։ Գիտությունը սահմաններ չի ճանաչում։ Մենք համագործակցում ենք նույնիսկ պատերազմական գործողություններում ներգրավված երկրների հետ և համոզված ենք, որ գիտությունն ու գիտական նվաճումները կօգնեն հասնել խաղաղության ամբողջ աշխարհում։ Մեր պարտքն է գալիք սերունդների համար երկիր մոլորակը դարձնել ավելի բարգավաճ, գեղեցիկ, մաքուր և անվտանգ»,- ասաց Յոշիակի Հագիվարան։
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ հայկական ֆիլատելիայի համար մայիսի 13-ը նույնպես պատմական օր է, քանի որ շրջանառության մեջ է դրվում չափազանց կարևոր նամականիշ։
«Քովիդ-19-ի պատճառով մենք պարտադրված բաց ենք թողել մրցանակաբաշխության մեկ տարին, բայց 2025 թվականին կմտնենք նորմալ ցիկլի մեջ և տառացիորեն հոկտեմբերին կունենանք արդեն 16-րդ մրցանակակրին, ով կստանա ընթացիկ տարվա պետական մրցանակը։ Մինչ մեր որոշ հարևան երկրներ զբաղված են նաև ֆիլատելիստիկայի ոլորտում պատմական կեղծարարություններով, մեր ազգային ֆիլատելիան միտված է մեր պատմամշակութային արժեքների, մեր ինքնության ներկայացմանը, դրանով իսկ միտված է ապագային։ Այս արարողությունը դրա վառ ապացույցն է։ Մեր երկրորդ մրցանակակիրը՝ Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, պարգևը ստանալիս նշեց, որ աշխարհում չկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, ուստի մրցանակը ստանում է որպես Նոբելյան մրցանակ, ինչից հետո այս մրցանակաբաշխությունն ունեցավ նման խորհրդ