
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։
Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։