Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպ...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրներին՝ հատուկ ընդգծելով կյանքի իրավունքի պաշտպանության և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի խախտումների հարցը։ 

ԱԺ-ում Մանասյանը նշեց, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և դրանց վերաբերյալ ոչ միայն պարբերաբար բարձրաձայնում է, այլև հետևողականորեն փաստագրում ու վերլուծում իրավիճակը։ 

«Ցավով պետք է նշեմ, որ մենք դեռևս շարունակում ենք ոչ մարտական պայմաններում զինված ուժերում մահվան դեպքեր ունենալ։ Վստահ եմ՝ դրանք ունեն խորքային պատճառներ, և այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկվեն, հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում՝ պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում»,- ընդգծեց Մանասյանը։