ՀՀ ՏԿԵ նախարարը և ԻԻՀ դեսպանը քննարկել են միջ...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արիլի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝  զարգացնելով առևտրատնտեսական կապերը և  կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն   ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։ 

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ  դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը  նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից նաև հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին,  համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։