Ադրբեջանի շրջաններում, դրանց թվում՝ Զաքաթալայում, Բալաքենում և Աղստաֆայում, տեղացած ուժեղ անձրևներն ու հեղեղումները լուրջ վնաս են հասցրել բնակավայրերին: Դրա մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տասնյակ գյուղերում ջրասուզվել են մասնավոր տներ, տնամերձ հողամասեր և պտղատու այգիներ: Զաքաթալայի շրջանում ջուրը հեղեղել է նաև փոստային բաժանմունքի շենքը: Տարերային աղետի հետևանքով ավերվել են ցանկապատեր, տնտեսական շինություններ ու կամուրջներ, վնասվել են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման գծերը:
Բնակիչները հայտնել են, որ ջրի հեռանալուց հետո տարածքներում տիղմի հաստ շերտ է մնացել: Զաքաթալայի շրջանի Յոլայրըջ գյուղում հեղեղվել են բնակելի տներ, իսկ որոշ վայրերում ջրի մակարդակը գերազանցել է մեկ մետրը: Տեղի բնակիչների պատմելով՝ որոշ ընտանիքներ չեն հասցրել վերցնել նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերը և ստիպված են եղել լքել իրենց տները:
Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Վեխթալա, Աշաղը Չարդախլար, Բեհմեդլի, Լահիջ և Մեշլեշ գյուղերում: Բնակիչների մի մասը տարհանվել է վտանգավոր գոտիներից: Մի շարք բնակավայրերում ժամանակավորապես խաթարվել է էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:
Զաքաթալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Տոֆիկ Ահմեդովը հայտարարել է, որ հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, և վնասի գնահատումն արդեն սկսվել է:
Բալաքենի շրջանում պատահարի հետևանքով զոհվել է 43-ամյա Ասլան Ռզաևը: Տեղի իշխանությունների տվյալներով՝ տղամարդը պատահաբար ընկել է ջուրը, որից հետո Կատեխ գետի հոսանքը քշել-տարել է նրան: Նրա մարմինը հայտնաբերել են մի քանի ժամ անց՝ գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա:
Փրկարարներին հաջողվել է նույն գետից դուրս բերել նաև 41-ամյա Ռամիզ Ասխաբովին:



