Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը ստորև։
Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։
Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, հարյուրավոր գործարար նախագծերի, անհաշվելի բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, հազարավոր մարզական հաղթանակների կերտման ակունքում գտնվող մարդուն նման ցուցադրական և անարդար հետապնդման ենթարկելը խոսում է մեր երկրում իրավական և բարոյական լուրջ ճգնաժամի մասին։ Գործող տասնյակ խոշոր ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումը, արտադրական ցիկլի կոպիտ դադարեցումը վնասում են այդ ձեռնարկությունների առողջ կենսագործունեությանը, գործազուրկ են թողնում հազարավոր աշխատակիցների և լրջորեն վնասում են մեր երկրի գործարար և ներդրումային վարկին։
Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, բարիք ստեղծել մեր երկրի համար, տասնամյակներ շարունակ աջակցել է սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն, աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանությանը։ Նրա դեմ սանձազերծված տգեղ, հակամարդկային արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներից որևէ մեկին։
Մեր սատարումն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս աննախադեպ բռնաճնշումները։ Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին, և մեզ կտրուկ հեռացնում է հանրային երկխոսության, համերաշխության մթնոլորտի հաստատումից, որի անհրաժեշտության մասին մշտապես խոսել է Գագիկ Ծառուկյանը։



