ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի և ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ ու երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեություն իրականացնելու միջոցով։
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։
Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ: Մասնավորապես, ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին, կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը և հետգնումը: