ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագա...

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին հաղորդագրություն  է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը:

«Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ  սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։