Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համա...

Լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը հիշեցրեց ՆԻկոլ Փաշինյանի 2013 թ-ի հայտարարությունները, երբ նախկին պաշտոնյաները որոշել էին իրենց աշխատավարձը բարձրացնել։ «Դուք բողոքի մեծ ալիք էիք բարձրացրել, ասում էիք ձեր գործատուն, այսինքն մենք քաղաքացիներ, ձեզ թողե՞լ ենք, որ ձեր աշխատավարձերը բարձրացնեք։ Լրագրողը միացրեց նաև ձայնագրություն, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը ցինիզմ էր որակում՝ նշելով, թե աղքատության արտագաղթի ու հուսահատության ֆոնին, ինչու՞ պիտի բարձրանա մշակույթի և քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, ինչու՞ պիտի բարձրանա Ազգային ժողովի պատգամավորների ու գործող ղեկավարության աշխատավարձը և մեջբերում էր Օստապ Բենդերի հայտնի հարցը՝ «Շուռա, իսկ որքա՞ն է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար»։ Լրագրողը հարցրեց, թե Հայաստանում 600 հազար մարդ աղքատ է, «հացին կակա» է ասում։ «Հայաստանում աշակերտները անգրագիտության նոր ռեկորդներ են սահմանում, ձեր աշխատավարձը բարձրանում է, աղքատություն կա, ձեր աշխատավարձը բարձրանում է, մեր սահմանները փոքրանում են, ձեր աշխատավարձը մեծանում է, հիմա ես եմ ուզում ձեզ հարցնել, «Շուռա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար», 2.6 միլիոնը հերիք է»։

Փաշինյանն էլ սկսեց խոսել տնտեսական աճի, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի, ուսուցիչների ատեստավորման ծրագրի, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որոնցով ուսուցիչների ու շարքային զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են, նա նաև արդարացրոց պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հակակոռուպցիոն քաղաքականությունը իրացնելու տեսանկյունից։

«Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար հաջողություններ է գրանցել և Հայաստանի պետությունը զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կայացնել այդ որոշումը։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այն փաստին, որ ես ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ոչ ես, ոչ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել»։