Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:
Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։
«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել է Անիի ամուսինը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ առաջիկա վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։
Անիի ամուսինը նաև նշել է, որ այս փուլում ընտանիքը չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։
Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։



