Արևմուտքի հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում տվյալների կենտրոնը: Այս մասին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար՝ արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», - լրագրողներին ասել է Շևցովը։
Այս կերպ նա մեկնաբանել է օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA պրոցեսորների վրա աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի կարծիքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան մուտք գործել նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին:
«Դա նշանակում է, որ Հայաստանի պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին առանց հայկական իշխանությունների համաձայնության», - նշել է Շևցովը:



