Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների մասին, նշել է, որ ՀՀ-ն Արցախին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը նախապես առաջարկվել է թողնել 30 կմ լայնությամբ, սակայն իր անհամաձայնության շնորհիվ դրա լայնությունը դարձել է 5 կմ: Այս մասին գրում է moscow-baku.ru կայքը:
«Հայտարարության սկզբնական տարբերակում մեզ առաջարկվել էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը լինի 30 կիլոմետր: Ես կտրականապես դեմ էի դրան և ասել եմ, որ հայկական կողմի այս պնդումները բացարձակապես անհիմն են: Միջանցքի շրջանակում անվտանգության միջոցառումներ ապահովելու համար այդպիսի լայն միջանցքի կարիք չկա: Ուստի ես սա համարել եմ բացարձակապես անընդունելի առաջարկ և արտահայտել եմ իմ կարծիքը: Այնուհետև, երկրորդ տարբերակում նախատեսվում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը կկազմի 10 կիլոմետր: Ես սրան էլ համաձայնություն չեմ տվել, արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի շուրջ: 5 կմ լայնությամբ միջանցքը բավարար է ինչպես մեզ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև անվտանգության ապահովման համար»,-ասել է Ալիևը:



