Տեսանյութ. Հայաստանը պատրաստ է վերականգնել հա...

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։

Խոսելով Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին Փաշինյանը հստակեցրել է, որ դա կարելի է անել նախկինում գոյություն ունեցած երկու ուղղություններով․ առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, իսկ երկրորդը հարավային ուղին է, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով և այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես։ Այսօր նույնպես արտահայտում ենք»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նաև ավտոճանապարհները կարող են ունենալ հյուսիսային, միջին և հարավային ուղղություններ: «Դա նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար և, ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքներով: Մենք նույն պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և նախկինում գոյություն ունեցած Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհներ վերակառուցելու և վերաբացելու առումով, ինչն էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանարապես միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես գլոբալ անվտանգության հարցերի վրա»,- նշել է վարչապետը:

Նա ներկայացրել է նաև կարևոր սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հաղորդակցությունների բացման հիմքում։ «Բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը, պետք է գործեն այն երկրների իրավասության, իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են: Հաջորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ նրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը: